Փետրվարի 19-22-ը «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի, Գավառի համայնքապետարանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և Քաղաքապետերի դաշնագիր արևելքի ներկայացուցիչները մասնակցեցին Վրաստանի Գորի քաղաքում կայացած տարածաշրջանային «Լեռների հարմարեցում. կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների խթանում» խորագրով հանդիպմանը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և կայուն զարգացման կովկասյան ցանցի կողմից։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիայի Կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախարարության կողմից և նպատակն է խթանել տեղական մակարդակում, լեռնային շրջաններում կլիմայի փոփոխության հարմարվողականությանը, հղում անելով Փարիզյան համաձայնագրին։ Հանդիպման նպատակն էր կովկասյան տարածաշրջանում քաղաքականություն մշակողների, պոտենցիալ դոնորների, ինչպես նաև տեղական համայնքների և հասարակական կազմակերպությունների, գիտական կառույցների ներկայացուցիչների, ոլորտի փորձագետների միջև գիտելիքների փոխանակում՝ լեռնային հարմարվողականության լուծումների վերաբերյալ:

Գավառ համայնքը դեռ 2017 թ-ին ստորագրել էր Քաղաքապետերի դաշնագիրը և կազմել համայնքի կլիմայի հարմարվողականության ծրագիր, որի արդյունքում, նաև այլ չափանիշներ հաշվի առնելով, այս պիլոտային ծրագրի շրջանակներում ընտրվել է «Լեռների հարմարեցում» ծրագրի շահառու համայնք՝ որպես փորձնական փորձարկման հարթակ Հայաստանում։
Վրաստանի տարածաշրջանային հանդիպմանը մասնակցին նաև Հարավային Կովկասի երկրների տարբեր շահագրգիռ կողմեր, այդ թվում՝ ներկայացուցիչներ մյուս երկրների նախարարություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, փորձագետներ, ՀԿ-ներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հարմարվողականության դրական և հաջողված լուծումները՝ ի պատասխան կլիմայի փոփոխության պատճառով առաջացած կոնկրետ խնդիրների, որոնք բացասաբար են անդրադառնում լեռնային համայնքների կենսապահովման և էկոհամակարգերի վրա:
Հանդիպմանը Գավառի համայնքապետարանի և ԲԼԵՋԱՆ ՀԿ-ի ներկայացուցիչները հանդես եկան համայնքում առկա կլիմայական ռիսկերի, դրանց մեղմանն ուղղված արդեն իրականացված գործողությունների, ՀԿ-ի փորձառության և այլ հարցերի մասին ելույթներով։
Այնուհետև ընտրված փորձագետների, նախարարության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ, Գավառի համայնքապետարանի և ՀԿ ներկայացուցիչները ներկայացրեցին Գավառի քաղաքային այգիներից մեկի վերականգնման ծրագիրը, որը լինելու է բնահեն լուծումներով՝ կլիմայի հարմարվողականությանն ուղղված։ Այգու ծրագրի իրականացումը համայնքում կլուծի բնապահպանական, տնտեսական, առողջապաական և սոցիալական խնդիրներ, միաժամանակ կնպաստի քաղաքի գեղագիտական տեսքի բարելավմանը։
Հանդիպման ընթացքում եղավ այցելություն նաև Վրաստանի հնավայրերից մեկը՝ Ուպլիցիխե ամրոց քաղաքը, ինչը տպավորել էր մասնակիցներին։


