2024 թվականի օգոստոսի 15-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում տեղի ունեցավ «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի չորրորդ կլոր սեղան քննարկումը համատեղ գործողության պլանավորման և իրականացման նպատակով։
Չորրորդ կլոր սեղանը կազմակերպվեց «STRIVE» ծրագրի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար պատասխանատու գործընկեր «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ կողմից՝ Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։ Միջոցառմանը հրավիրված էին Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի, Մարտունու, Սևանի համայնքապետարանների, ՔՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, Գավառի պետական համալսարանի ներկայացուցիչներ, երիտասարդներ, Արցախից բռնի տեղահանվածներ։

Հատկանշական է, որ այս անգամ Կլոր սեղանի մեկնարկից առաջ նույն սրահում տեղի ունեցավ «STRIVE» ծրագրի Ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի «Քաղաքացիական նորարարական ուղի» բաղադրիչի ենթադրամաշնորհային ծրագրերից մեկի՝ «Գավառի քարանձավների վերակենդանացում և քարտեզագրում» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսումնասիրված քարանձավների բացառիկ լուսանկարների ցուցադրությունը։ Ծրագրի համակարգող Լալա Մկրտչյանը ներկաներին ծանոթացրեց արդեն ավարտին մոտեցող ծրագրի մանրամասները և արդյունքները։
Այնուհետև, արդեն կլոր սեղանի բացման խոսքով հանդես եկավ «ԲԼԵՋԱՆ» ՀԿ նախագահ Լիաննա Ասոյանը, այնուհետև «STRIVE» ծրագիրը, ինչպես նաև կլոր սեղանի նպատակը ներկայացրեց ծրագրի ղեկավար, «Նիյր Իսթ Ֆաունդեյշնի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արփինե Բաղդոյանը։
Կլոր սեղանի նպատակն էր քննարկել և հատկորոշել համատեղ իրականացվող ծրագիր կամ գործողություն, որը շոշափելիորեն կնպաստի ՔՀԿ-ների և այլ ոլորտների միջև համագործակցության աճին։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս կլոր սեղանի համատեղ ծրագիրը կամ գործողությունը ուղղված է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքների լուծմանը։
Մասնակիցները քննարկեցին և փորձեցին ձևակերպել արտակարգ իրավիճակներում աշխատելու ընթացքում բացահայտված կարիքներն ու խնդիրներն ըստ ոլորտների։ Շեշտադրեցին օրենսդարական փաթեթի մշակման և առաջարկությամբ հանդես գալու խիստ անհրաժեշտությունը՝ որպես արցախահայերի խնդիրների լուծմանն ուղղված արդյունավետ ճանապարհ։ Նշեցին, որ առկա են մի շարք բացեր ներկայիս օրենսդրական դաշտում, որոնք խոչընդոտում են հատկապես խոցելի վիճակում գտնվող ընտանիքներին օգտվել տարբեր աջակցություններից։

Այնուհետև, ծրագրի նորարարության, զարգացման և ազդեցության մասնագետ Արամ Հարությունյանի աջակցությամբ խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցները դուրս բերեցին երեք առաջնահերթ խնդիրները և մշակեցին լուծման գաղափարների առաջարկներ։ Խմբային քննարկումների ընթացքում առաջնային կարևորությունը տրվեց զբաղվածության ապահովման խնդրին։ Պարզվեց, որ մասնակից արցախցիներից և ոչ մեկը չուներ աշխատանք և հետևաբար՝ ապրուստի միջոց գտնելու որևէ հնարավորություն։
Արդյունքում ձևավորված երեք աշխատանքային խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց 2-ական ծրագիր։ Քննարկվեցին նաև համատեղ գործողություններ իրականացնելու հեռանկարները։ Ներկա ՀԿ-ներից մեկն առաջարկեց իրենց կազմակերպության աջակցությունը՝ համատեղ գործողությանն առնչվող հաշվապահական հաշվառման գործընթացն անվճար իրականացնելու ուղղությամբ։
Նշենք, որ ապրիլին և մայիսին նույն բովանդակությամբ կլոր սեղաններ են անցկացվել Սյունիքում, Արագածոտնում և Լոռիում։ Այս տարվա ընթացքում նախատեսվում է Կլոր սեղաններ անցկացնել Շիրակում և Տավուշում։

Հիշեցնենք, որ «STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների. «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:

