Ապրիլի 25-26-ը երկօրյա հեռավար դասընթացներով Գեղարքունիքի մարզում մեկնարկեց «Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագիծը, որն իրականացվում է «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի ջանքերով՝ «ԵՄ հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ ՀԿ կողմից։
Դասընթացների մասնակիցները երիտասարդներ են ՀՀ Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են և շահագրգիռ են իրենց մարզում տուրիզմի զարգացմամբ։ Այդ է պատճառը, որ վերջիններս դիմել են «Բաց ավազան» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախապես հայտարարված մրցույթին և հաղթահարելով իրենց առջև դրված խնդիրները ծրագրին մասնակցության իրավունք են ստացել։ Անցնելով վերապատրաստման փուլերը երիտասարդները կստանան ապագա զբոսավարի հմտություններ և ծրագրի ավարտին իրենց ստացած գիտելիքներով, փորձագեների աջակցությամբ երեք զբոսաշրջային երթուղիներ կնախագծեն։

Երկօրյա դասընթացների թեմաներն էին՝ «ՀՀ Բնական ևպատմամշակութային հուշարձանները»և «Պատմություններն ու ավանդազրույցները որպես զբոսաշրջության զարգացման բազա», որոնց մասին մանրամասն և բովանդակալից դասախոսություն ներկայացրեց ծրագրի փորձագետ Լալա Մկրտչյանը։
Փորձագետը ուսուցանեց մասնակիցներին տարբերակել բնական հուշարձանները պատմամշակութային հուշարձաններից՝ ընդհանուր տեղեկատվության հետ միասին, մատուցելով նաև կոնկրետ օրինակներ։ Առանձնակի ուշադրության ներկայացան Գեղարքունիքի մարզի բնական հուշարձանները, որոնք համարվում են գեղագիտական առանձնահատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ։ Օրինակ՝ Աժդահակը Գեղամա լեռնավահանի բարձր գագաթն է՝ 3598մ բարձրությամբ: Այն դժվարամատչելի է, սակայն դա չի խանգարում տուրիստներին բարձրանալ լառնագագաթ և հմայվել Աժդահակի խառնարանային լճի գեղեցկությամբ: Լճից քիչ հեռու կառուցված է փոքրիկ մատուռ: Աժդահակը հայտնի է նաև վիշապաքարերով, որոնք տարածված են լեռնագագաթի շուրջ, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի տարբեր մասերում:

Առանձին-առանձին ներկայացվեցին նաև պատմական և պատմաճարտարապետական, հուշարձանները և նրանց ճարտարապետությունը։ Այնուհետև ինտերակտիվ վարժության միջոցով մասնակիցները իրենք ներկայացրեցին իրենց և հարակից բնակավայրերի բնական ու պատմամշակութային հուշարձանները և դրանց մասին գրավոր ներկայացնելու տնային առաջադրանք ստացան։
Չնայած նրան, որ ելնելով ներկայիս իրավիճակից դասընթացը հեռավար եղանակով իրականացվեց, հարկ է նշել, որ այն շատ արդյունավետ էր։ Մանակիցների ընտրությունը ևս իրականացված էր արդյունավետ, քանի որ նրանք ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և այստեղից կարելի է եզրակացնել, որ ծրագրի ավարտը խոստումնալից է։
Դասընթացները շարունակական են և հաջորդ դասընթացը կլինի անգլերեն լեզվի ուսուցանում, իհարկե ոչ խորությամբ, այլ մատչելի եղանակով կուսուցանվի զբոսավարության մեջ կիրառվող խոսակցական անգlերեն։
