Օրհուսի կոնվենցիան որպես շրջակա միջավայրի խնդիրների լուծման հիմնական գործիք /հանդիպում 3-րդ/

Օգոստոսի 26-ին Մարտունի կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի հարկի տակ տեղի ունեցավ թվով 3-րդ սեմինարը «Օրհուսի Կոնվենցիայի լուսաբանում Գեղարքունիքի մարզի համայնքերում» թեմայով: Սեմինարին մասնակցում էին Մարտունու տարածաշրջանի 8 համայնքապետեր, 5 ՀԿ, ԶԼՄ ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ կային համայնքի ակիվ բնակիչներից, ուսումնական հաստատություններից և նույնիսկ հիվանդանոցից:

Սեմինարն ինչպես միշտ ընթացավ ըստ նախատեսված  օրակարգի, սակայն մի տարբերությամբ, այս տարածաշրջանում հասարակությունն ու ՏԻՄ կառույցներն աշխատում են փոխհամագործակցության մթնոլորտում, և գիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները համայնքի կառավարման գործընթացներում, և վերջին դեպքերը SOS Արգիճի նախաձեռնության հետ կապված, ցույց տվեց, որ, երբ մարդը տեղեկացված է, գիտի իր իրավունքները և աշխատում է համագործակցել ՏԻՄ կառույցների հետ, կարողանում է պաշտպանել իր սահմանադրական իրավունքը:

Սեմինարն ընթացավ բուռն քննարկումներով, իրական օրինակների հիման վրա, քանի որ Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա իրականացվող ապօրինի շինարարության դեպքը դեռ վերջերս էր և այդ գործում Օրհուսի Կոնվենցիան անտեսվել էր: Եվ քանի որ բնակչության սահմանադրական իրավունքները ոտնահարվել էին դատախազության կողմից, ովքեր առանց ծանուցագրի մարդկանց հարցաքննության էին կանչել, և որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները, սեմինարի ընթացքում փորձագետների, SOS Արգիճի նախաձեռնող խմբի և Գավառի Օրհուս կենտրոնի օգնությամբ կացմվեց հայտարարության տեքստ, որպեսզի ուղարկվի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: