Հուլիսի 24-ին «Բաց ավազան» ծրագրի ամփոփիչ փուլի միջոցառումները մեկնարկեցին քայլարշավ-աղբահավաքությամբ, «Սևան» Ազգային պարկի տարածքում՝ Հայրավանքից դեպի Մարտունի տանող ճանապարհին զուգահեռ՝ նոր ընտրված քայլարշավային երթուղով։ Այն ուներ 7 կմ երկարություն, պլանավորված էր նախապես և ընդգրկում էր Սևանա լճի ափամերձ գեղատեսիլ հատվածները։
Միջոցառման մասնակիցները, քայլելով և վայելելով Հայրավանքի, Սևանա լճի, Գեղամա լեռների, սաղարթախիտ փոքրիկ անտառի ու լճակի հիասքանչ տեսարանները, զուգահեռաբար մաքրում էին շրջակայքը կենցաղային աղբից։ Ցավոք սրտի մեր հասարակության բավական լայն զանգվածի մեջ ցածր է էկոլոգիական կրթության և դաստիարակության մակարդակը, մարդիկ վայելում են հանգիստը, ետևից թողնելով իրենց իսկ կողմից ստեղծված աղբը, առանց մտածելու հետևանքների մասին, և արդյունքում ականատես ենք լինում շատ ցավալի տեսարանների։
Առավել աղտոտված էին լճի ափամերձ այն հատվածները, որոնք օգտագործվում են ձկնորսների կողմից. Այնտեղ կային բազմաթիվ միմյանց կապված պլաստիկ շշեր,որոնք թե ջրում, թե ցամաքում չափազանց վտանգավոր են կենդանիների համար։ Աղբի մի մասն էլ արդեն լճի ընդհանուր աղտոտվածության հետևանք է հանդիսանում ու հավանաբար այստեղ էր հասել այլ ափերից։
Ծրագրի մասնակից երիտասարդները, մեր փորձագետի աջակցությամբ, համաձայն ՀՀ-ում այժմ պաշտոնապես կիրառվող՝ երթուղիների գծանշման պահանջների, սպիտակ ու կարմիր ներկերով գծանշում էին իրենց կողմից մշակված, թե′ քայլարշավային, թե′ հեծանվային երթուղիները (մոտ 30 կմ երկարություն ունեցող նոր հեծանվային երթուղու մի մասը նույնպես անցնում է այս փոքրիկ՝ 7 կմ երկարությամբ հատվածով)։

Փորձագետ՝ Վահագն Վարդումյանը, ով ծրագրի նախագծման փուլից աշխատաում էր ծրագրային թիմի և հետո արդեն ծրագրի շահառու երիտասարդների թիմի հետ, հետևողականորեն նոր գիտելիքներ էր փոխանցում, հիշեցնում և ամփոփում էր նախկինում ուսուցանած հմտությունները, տեղորոշման ու լուսանկարչական հնարքներն ու այլ գիտելիքներ, որոնք ուղեկից են լինելու մեր ապագա գիդերին, լեռնային, լեռնահեծանվային ուղեկցորդներին։

Հորդառատ անձրևը և կարկուտը չխանգարեցին, որպեսզի հաջողությամբ ի կատար ածվեր նաև ծրագրի մասնակիցներին և աջակիցներին վկայագրեր ու շնորհակալագրեր հանձնելու արարողությունը, քանի որ մեր ընտրած բացօթյա տարածքում կանգնած հին գնացքի վագոնը մեզ ամպրոպից ու կարկուտից բավական լավ պատսպարվելու հնարավորություն տվեց։ Բոլորը ոգևորված էին, վեց ամիս տևած աշխատանքները իրենց արդյունքն էին տվել։ Ամենակարևոր արդյունքը, ըստ ծրագրի ղեկավար, «Բլեջան» ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանի, երիտասարդների թիմի կայացումն է, նրանց պատրաստակամությունը՝ մարզի զարգացմանը նպաստելու գործում։

Ծրագրի արդյունքները խոսուն են, քարտեզագրվել են ՍԵԳԱՄԱ (Սևան, Գավառ, Մարտունի) կլաստերն ընդգրկող գրեթե բոլոր տուրիստական պրոդուկտները, որոնք հնարավոր է եղել ոչ միայն գտնել քարտեզի վրա, այլև այցելել կամ ստուգել տեղացիների հետ խորհրդակցելու միջոցով։ Մասամբ գծանշվել է 3 քայլարշավային և 3 հեծանվային երթուղի (որոնց գծանշումը կավարտվի երթուղիների ընթացիկ մաքրագրումներին զուգահեռ), ծրագրում ընդգրկված 12 երիտասարդները ստացել են տուրիստական ուղեկցորդի և էքսկուրսավարի գիտելիքներ ու հմտություններ։ Հարկ է նշել, որ վերջիններս արդեն կարող են համարվել ոլորտի սկսնակ մասնագետներ, ունեն հսկայական պոտենցիալ ու կվարեն այս ծրագրի արդյունքում հիմնված տուրիստական ակումբը։
Հիշեցնենք, որ «Բաց ավազան» նախագիծն իրականացվում է«Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի ջանքերով՝ «ԵՄ հանուն մշակույթի. Առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ ՀԿ կողմից։







