Գեղարքունիքում ընթացքի մեջ է «Ծածկութային մշակաբույսերի կիրառումը հողի առողջության բարելավման եւ կայուն գյուղատնտեսության համար» ծրագիրը

Գեղարքունիքում ընթացքի մեջ է «Ծածկութային մշակաբույսերի կիրառումը հողի առողջության բարելավման եւ կայուն գյուղատնտեսության համար» ծրագիրը։
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի եւ Վարդենիս խոշորացված համայնքներում ապրիլի 5-ից մեկնարկել եւ ընթանում է «Ծածկութային մշակաբույսերի կիրառումը հողի առողջության բարելավման եւ կայուն գյուղատնտեսության համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից, EU4Sevan-«Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի կողմից։
«Ծրագրով նախատեսվում է բազմատեսակ խոտաբույսերի ցանք՝ դեգրադացված հողերի որակի բարելավման եւ առողջացման նպատակով։ Ընտրվել են այն ֆերմերային տնտեսությունները, որոնք ապահովված են վարուցանքի համար համապատասխան տեխնիկական միջոցներով եւ ունեն համաֆինանսավորում կատարելու ցանկություն ու հնարավորություն։ Հունիսի 10-ի դրությամբ արդեն բազմատեսակ խոտաբույսերի ցանքն ավարտվել է բոլոր չորս գյուղերում։ Յուրաքանչյուր գյուղում ցանվել է 1 հեկտար տարածք, որով եւ ավարտվել է ծրագրի առաջին փուլը։
Երկրորդ փուլում արդեն ֆերմերներին տրամադրում ենք էլեկտրական հովիվներ՝ արեւային էներգիայի ստացման վահանակներով։ Խոտաբույսերի ցանքերի որոշ մասը հնձվելու է որպես անասնակեր, որոշ մասն օգտագործվելու է որպես արոտավայր, որտեղ էլ կիրառվելու են էլեկտրական հովիվները։ Շահառու տնտեսությունների համար կազմակերպվում են դասընթացներ՝ հողերի բարելավման ու առողջացման նրբություններն ուսուցանելու նպատակով։ Այնուհետ շահառուներն իրենք փորձի փոխանակում կիրականացնեն այլ տնտեսությունների հետ։

 

#EU4Sevan #GIZ #BlejanNGO