2025 թ. հունիսի 20-22-ը Ծովեմ նորարար գյուղատնտեսության կենտրոնում «Բլեջան» բնապահպանական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ի կողմից կազմակերպվեց եռօրյա ուսուցողական ճամբար, որը միավորեց Գավառ և Սևան համայնքներից ժամանած շուրջ 30 երիտասարդների՝ «Շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ» ծրագրի շրջանակում։ Ճամբարի նպատակն էր զարգացնել երիտասարդների մտածողությունը, հաղորդակցման հմտությունները և նախաձեռնողականությունը՝ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման համատեքստում։

Ճամբարի ծրագրում համադրված էին թե՛ տեսական դասընթացներ, թե՛ գործնական վարժանքներ։ Մասնակիցները ուսումնասիրեցին, թե ինչպես կարելի է անցում կատարել գծային մոդելից դեպի շրջանաձև տնտեսություն՝ վերաիմաստավորելով նյութական սպառման և թափոնների օգտագործման ձևերը։ Նրանք ծանոթացան արտադրանքի կյանքի ցիկլի փուլերին, շրջակա միջավայրի վրա թափոնների ազդեցությանը, ինչպես նաև տեղական հնարավորություններին՝ սննդային թափոնների կառավարման, կոմպոստացման և վերամշակման ուղղությամբ։ Եռօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ի թիվս այլ պրակտիկ գիտելիքների սովորեցին նաև թղթի վերամշակման և կոմպոստի պատրաստման պարզագույն տեխնոլոգիաները՝ ձեռք բերելով միջավայրում կիրառելի գիտելիքներ։

Մեծ ուշադրություն էր դարձված հաղորդակցման և նորարարության բաղադրիչին։ Երիտասարդները սովորեցին ինչպես արդյունավետորեն օգտագործել բլոգինգի, լուսանկարահանման և տեսանկարահանման գործիքները՝ իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները տարածելու համար։ Նրանք իրենց ստացած գիտելիքները անմիջապես կիրառեցին՝ նկարահանելով կարճ տեսահոլովակներ, որոնք հենց իրենց ոգևորություն ներշնչեցին և մոտիվացրին լինել ավելի ակտիվ իրենց համայնքներում։

Ճամբարի ավարտին մասնակիցները թիմերով ներկայացրին համայնքային կամ բիզնես ուղղվածություն ունեցող գաղափարներ՝ հիմնված շրջանաձևության սկզբունքների վրա։ Քննարկվեցին նաև առաջնորդության հմտությունները, մենթորության մշակույթը և տարբեր դրամաշնորհային ու համագործակցության հարթակներ, որոնք կարող են նպաստել այս նախաձեռնությունների հետագա զարգացմանը։


Ճամբարի ընթացքում երիտասարդների հետ աշխատեցին վեց հրավիրված փորձագետներ, որոնցից յուրաքանչյուրն իր ոլորտում հմուտ է ՝ շրջակա միջավայրի պաշտպանություն, թափոնների կառավարում, հաղորդակցություն, սոցիալական ձեռնարկատիրություն, համայնքային զարգացում և առաջնորդություն թեմաներով։ Նրանց փորձառությունն ու ներգրավվածությունը ճամբարի գործընթացը դարձրեցին մասնագիտական, ներշնչող և արդյունավետ։

Ճամբարը եզրափակվեց վկայագրերի հանձնման արարողությամբ, ընդհանուր լուսանկարներով և մասնակիցների մեծ ոգևորությամբ՝ շարունակելու իրենց ճանապարհը որպես համայնքային ակտիվիստներ և շրջանաձև մտածողության դեսպաններ։


«Շրջանաձև տնտեսության երիտասարդ դեսպաններ» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի կողմից ֆինանսական աջակցություն ստանալով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից՝ CirculUP! Ծրագրի շրջանակում, Իմփաքթ Հաբ Ցանցի, Իմփաքթ Հաբ Երևանի և Շրջակա Միջավայր և Առողջություն ՀԿ-ի հետ համատեղ:

