«Զմրուխտե կամուրջ» ծրագրի մեկնարկային հանդիպում

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ «Զմրուխտե կամուրջ․ միջտարածաշրջանային կանաչ սիներգիայի ամրապնդում» ծրագրի մեկնարկային հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի՝ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (EaP CSF) ազգային պլատֆորմների Երրորդ աշխատանքային խմբի (Working Group 3) անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր.
— Ընդհանուր բնապահպանական առաջնահերթությունների քննարկում
— Տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորում
 Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց ծրագրի նպատակներին, սպասվող արդյունքներին, ինչպես նաև COP17-ի նշանակությանն ու ԱԼԳ ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբերի ակնկալիքներին։
 Ընդգծվեց, որ կենսաբազմազանության կորուստը, կլիմայի փոփոխությունը և հողերի դեգրադացիան փոխկապակցված գործընթացներ են, ուստի դրանց լուծումները նույնպես պետք է դիտարկվեն փոխկապակցված և համալիր մոտեցմամբ։ Այս համատեքստում կարևորվեց երեք կոնվենցիաների միջև սիներգիայի գաղափարի առաջմղումը՝ ինչպես ազգային և տարածաշրջանային մակարդակներում, այնպես էլ միջազգային հարթակներում։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց նաև հանրության արդյունավետ մասնակցության ապահովմանը բնապահպանական հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացում։ Մասնակիցները կարևորեցին հանրային մասնակցությունը ոչ միայն որպես տեղեկատվության տրամադրման կամ խորհրդակցությունների գործընթաց, այլ որպես բնապահպանական քաղաքականությունների և որոշումների ձևավորման կարևոր բաղադրիչ։ Ընդգծվեց, որ թափանցիկությունը, տեղեկատվության հասանելիությունը և հանրության մասնակցությունը կարող են նպաստել ավելի արդյունավետ, ներառական և կայուն բնապահպանական կառավարմանը։

Հանդիպման ավարտին ամփոփվեցին քննարկման արդյունքները և նախանշվեցին ծրագրի հետագա քայլերը։ Մասնակիցները պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը թեմատիկ առցանց հանդիպումների միջոցով՝ ավելի խորությամբ քննարկելով հանրային մասնակցության, բնապահպանական որոշումների թափանցիկության, էներգետիկայի, կենսաբազմազանության պահպանության և գլոբալ բնապահպանական գործընթացների միջև սիներգիայի ամրապնդման հարցերը։

Ծրագրի հետագա փուլերում նախատեսվում են նաև երեք երկրների փորձի և լավագույն փորձի փոխանակում, տարածաշրջանային աշխատանքային ենթախմբերի ձևավորում, փոխայցելություններ և համատեղ քաղաքական առաջարկությունների մշակում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել համատեղ քաղաքական առաջարկությունների փաստաթուղթ՝ ուղղված բնապահպանական կառավարման, թափանցիկության և հանրային մասնակցության բարելավմանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։

«Զմրուխտե կամուրջ» ծրագրի կարևոր առաջիկա քայլերից է 2026 թվականի COP17-ի ընթացքում տարածաշրջանային համատեղ միջոցառման կազմակերպումը, որի շրջանակում Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց համատեղ տեսակետներն ու առաջարկությունները՝ միաժամանակ առաջ մղելով գլոբալ բնապահպանական գործընթացների միջև սիներգիայի և տարածաշրջանային համագործակցության գաղափարը։

Ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» էկոլոգիական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի «Տրանսատլանտյան հիմնադրամի» (GMF TF) ֆինանսական աջակցությամբ՝ Վրաստանի «Սերունդների երկխոսություն» հետազոտական-ինտելեկտուալ ակումբ (RICDOG) և Մոլդովայի «Տերա-1530» ՀԿ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով