Հոկտեմբերի 24–27-ը «Զմրուխտե կամուրջ․ միջտարածաշրջանային կանաչ սիներգիայի ամրապնդում» ծրագրի և «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ի ու CANEECCA ցանցի համագործակցությամբ իրականացվող՝ Ռիոյի երեք կոնվենցիաների սիներգիայի և բնահեն լուծումների խթանմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում Գավառում համախմբվել էին Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացնում էին Արևելյան գործընկերության, քաղաքացիական հասարակակության ֆորումի ազգային պլատֆորմների, 3-րդ աշխատանքային խումբը և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայական հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանցի (CANEECCA) անդամ հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև վերջիններիս էին միացել գործընկերային պետական և գործարար կառույցների ներկայացուցիչներ, որոնց թվում Գեղարքունիքի մարզպետարանի, Կոտայքի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի, Արմսվիսս բանկի, Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

Միջոցառումները կազմակերպվել են Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում՝ նպատակ ունենալով ամրապնդել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցությունը և խթանել ընդհանուր բնապահպանական օրակարգի առաջմղումը։

Քառօրյա միջոցառումների ընթացքում քննարկվել են կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի կանխարգելման, բնահեն լուծումների կիրառման, կայուն գյուղատնտեսության և բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում հանրային մասնակցության հարցերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ռիոյի երեք կոնվենցիաների՝ Կենսաբազմազանության մասին, Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային և Անապատացման դեմ պայքարի կոնվենցիաների նպատակների միջև սիներգիայի ամրապնդմանը։

Մասնակիցներն այցելել են COP17-ի Կանաչ գոտի, ծանոթացել կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև Գավառում քննարկել համայնքային բնապահպանական խնդիրները, հանքարդյունաբերական թափոնների վերամշակման բնահեն լուծումները և ջրային ռեսուրսների կայուն կառավարման հնարավորությունները։
Հանդիպումների կարևոր արդյունքներից է Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության տարածաշրջանային համագործակցության «Զմրուխտե կամուրջ» ցանցի ստեղծման մասին որոշումը։ Մասնակիցները պայմանավորվել են զարգացնել համատեղ ծրագրերն ու գործընկերությունը, շարունակել փորձի փոխանակումը և ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային ու միջազգային բնապահպանական հարթակներում։
Քառօրյա այցի ընթացքում կազմակերպվել են ճանաչողական և մշակութային այցեր՝ բացահայտելով Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Նորատուսի խաչքարերը, «Սևանի Իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանը և հայկական խոհանոցը։
Նախաձեռնությունը միտված է ոչ միայն երեք երկրների քաղաքացիական հասարակության կապերի ամրապնդմանը, այլև բնապահպանական գլոբալ գործընթացներում համագործակցված մոտեցումների, հանրային մասնակցության և համատեղ լուծումների առաջմղմանը։




«Զմրուխտե կամուրջ․ տարածաշրջանային կանաչ սիներգիայի ամրապնդում» ծրագիրն իրականացվում է «ԲԼԵՋԱՆ» էկոլոգիական, սոցիալական և բիզնեսի աջակցության ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և ԱՄՆ Մարշալի գերմանական հիմնադրամի «Տրանսատլանտյան հիմնադրամի» (GMF TF) ֆինանսական աջակցությամբ՝ Վրաստանի «Սերունդների երկխոսություն» հետազոտական-ինտելեկտուալ ակումբ (RICDOG) և Մոլդովայի «Տերա-1530» ՀԿ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

