Սրտի ցավով պետք է արձանագրենք, որ հազար «Մաքուր Հայաստան» ծրագիր էլ որ սրբորեն իրագործվի, միեւնույն է, մեր փողոցն ու բակը, դաշտն ու ձորը, անտառն ու պուրակը չեն մաքրվի զանազան աղտեղություններից, քանի դեռ մեր մեջ ապրում, շնչում ու անամոթաբար գործում են ավերող թաթերն ու փնթի հոգիները:
Այս լուսանկարն արվել է համապետական վերջին շաբաթօրյակից օրեր անց, «Սեւան» Ազգային պարկի տարածքում, Ծովակ—Կարճաղբյուր գյուղերի միջեւ ընկած լճափնյա հատվածում:
Այսպիսի լուսանկարներ կարելի է անել ցանկացած այլ հատվածներում, բնակավայրերում կամ բնակավայրերից դուրս, տեսանելի կամ անտեսանելի տեղերում: Ուզու՞մ ես, մեկ շաբաթ կամ ամիս շարունակ համապետական շաբաթօրյակ արա, տաս, քսան կամ հիսուն հազարանոց մարդկային բանակով, տեխնիկաներով մաքրիր աղբը, փակել տուր անօրինական գործող աղբավայրերը, միեւնույն է, մի քանի ժամ կամ օր անց նույն աղբակույտերը կաճեն նույն կամ անսպասելի այլ տեղերում: Ահա սա է վերաբերմունքը մայր բնության, հայրենիքի, մաքրակենցաղ բարքերի, շրջապատի հանդեպ: Ցավոք, դեռ մեզանում օրենքն անզոր է նման փնթիների, արատավոր հոգեբանության տեր մարդկանց հետ խոսելու, օրենքի մարդիկ՝ նույնպես: Եվ կրկնակի ցավն այն է, որ նման մարդիկ նույնիսկ չեն հարգում իրենց համայնքի, արյունակիցների, հարազատ երեխաների ջանադիր աշխատանքը համապետական շաբաթօրյակի օրերին՝ նորից առանց խղճի խայթ զգալու ապականելով շրջակա միջավայրը: Ո՞վ է պարտք մոնղոլական միջավայրը վերակենդանացնող այս ապականողներին, որ յուրաքանչյուր անգամ մաքրի նրանց թողած աղբը: Եռակի անգամ էլ ցավալի է, որ մեր հզոր մշակույթի կողքին այդպես էլ չենք կարողանում ստեղծել մաքրակենցաղ ապրելակերպ: Ահա սա է իրական պատկերը:
Առավել ուշադրություն դարձրեք սրբավայրեր համարվող տարածքներին, հանրահայտ ու սիրված աղբյուրներին, որոնք քեֆչիների երթերից պրծում չունեն, նաեւ՝ աղբի զազրելի ներկայությունից, որ իրենց հետեւից թողնում են անհոգ քեֆչիները: Ա՜յ քեզ սրբապաշտության դրսեւորում… Սա սպբապաշտությու՞ն է, թե ընդգծված սրբապղծություն: Ինչպե՞ս կարող է բնությունը, դարեդար սրբավայրեր համարվող տարածքը պղծող ու ապականող մարդը սրբություն կրել իր հոգու խորքում, խղճից ու Աստծուց խոսել:
Նրանց պաշտամունքը, հավատացեք, անհագորեն խժռելն ու աջուձախ աղտեղություն շաղ տալն է, ուրիշ ոչինչ:
Ակամայից մի երգ հիշեցի այս պատկերը լուսանկարելուց հետո. «Զիբիլի ավտոն մեր փողոցով զիբիլ էր տանում, Զիբիլի միջից քո այլանդակ դեմքն էր երեւում»:
Քառակի անգամ էլ ցավալի է, որ ոչ մի կերպ չենք կարողանում մի անգամ էլ այդ այլանդակ դեմքը կամ այլանդակող ձեռքը բռնել ու դնել աղբի նկարի մեջ: Գուցե պատկան մարմիններն օգնե՞ն:
Խոսրով Խլղաթյան

