
13.06.24-ին Գավառում, իսկ 14.06.24-ին Մարտունիում «Բլեջան» ՀԿ-ի կողմից “Մասնակցային բյուջե” ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր Town Hall ձևաչափով հանդիպումներ, որոնց նպատակն էր տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ վեր հանել համայնքների խոշորացման դրական և բացասական կողմերը՝ հնարավորություններն առանձին ոլորտներով, խնդիրները և խոչընդոտները, որոնք կապված են հանրության մասնակցության հետ, հավաքագրել առաջարկներ կապված հանրության մասնակցությունը խթանելու հետ, իսկ վերջում քննարկել վերոնշյալ գործընթացների հետ կապված կարևոր ու հնարավոր քայլեր, որոնք բարելավելու են խոշորացման հետևանքները, մեղմելու , առաջ մղելու այդ գործընթացները։
Հանդիպումներին մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից, Գեղարքունիքի մարզպետարանից, Գավառի և Մարտունու համայնքնապետարաններից, այս համայնքների վարչական շրջանների ղեկավարները, ներկայացուցիչներ ՀԿ-ներից, ԶԼՄ-ներից, մանկապարտեզներից և հետաքրքրված բնակիչներ։
Հանդիպման արդյունքում հավաքագրված բոլոր առաջարկները կվերլուծվեն, կամփոփվեն ու կուղղվեն համապատասխան պատկան մարմիններին, այն է․ ՀՀ ՏԿԵՆ, Գեղարքունիքի մարզպետարան և Գավառի ու Մարտունու համայնքապետարաններ։
«Մասնակցային բյուջե» ծրագրի նպատակն է՝ բնակչության լայն շերտերի ներգրավմամբ վերհանել թիրախ բնակավայրերի խնդիրները եւ դրանց լուծում տալու միջոցով նպաստել համայնքային մակարդակում հանրային միջոցների արդյունավետ կառավարմանը։
Համայնքների խոշորացումը հանրային կառավարման համակարգում առաջացրել է լուրջ եւ ծավալուն փոփոխություններ, որոնց արդյունքում խոշորացված համայքների կազմում ընդգրկված բնակավայրերի բնակիչները զերծ են մնում իրենց մասնակցային իրավունքներից։ «Բլեջան» ՀԿ-ի ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ներկայումս գործող տեղեկատվական համակարգերից գյուղական բնակավայրերի բնակիչները չեն օգտվում, կամ շատ քիչ են օգտվում։
Բազմաբնակավայր համայնքների ստեղծման պարագայում տեղական ինքնակառավարման պահպանման, ամրապնդման ու զարգացման համար անհրաժեշտ է բնակիչների մոտ ձեւավորել սեփական նախաձեռնությունների նկատմամբ վստահություն։
Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկից սկսած իրականացվել են տարբեր գործողություններ, վերլուծվել են Գավառ և Մարտունի համայքների 2023 թվականի բյուջեների կատարողականները և պատրաստվել ինֆոգրաֆիկաներ, որոնցով թիրախ համայքների 29 բնակավայրերի բնակիչների համար կազմակերպվել են համայնքային զրույց ֆորմատով իրազեկման հանդիպումներ, որոնց ընթացքում հանրությունն իրազեկվել է, օրինակ ինչպե՞ս է ձևավորվել համայնքային բյուջեն, ի՞նչ խնդիրների լուծմանն են ուղղվել գումարները, բացի դրանից բնակիչների հետ քննարկվել են խոշորացման արդյունքում բնակավայրերում ի հայտ եկած խնդիրները, հանրության մասնակցության խոչընդոտները և այլ հարցեր։ Համայնքային հանդիպումների արդյունքում նաև հավաքագրվել են համայնքային խնդիրների լուծմանն ուղղված բնակիչների կողմից կատարված առաջարկությունները, որոնք ևս կամփոփվեն և կուղղվեն վերոնշյալ պատկան մարմիններին։

Ծրագրի ավարտին ակնկալում ենք, որ հնարավոր կլինի ներդնել համայնքային բյուջեի հանրային մոնիտորինգի և վերահսկողության մեխանիզմներ, երիտասարդների կարողությունների բարձրացման միջոցով, որոնք կնպաստեն հանրության և քաղհասարակության առավել մեծ ներգրավվածությանը համայնքային բյուջեի հաշվետվողականության գործընթացներում։
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն հանդիսանալով համայնքահեն կառույց իրականացնում է «Մասնակցային բյուջե» ծրագիրը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։

