Քայլարշավ դեպի «Թաքնված ջրվեժ»

Հունիսի 7-ին «Բլեջան»  բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն «Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի շրջանակներում կազմակերպեց քայլարշավ մեզ` ծրագրում ընդգրկված երիտասարդներիս համար «Դիլիջան» ազգային պարկում, դեպի «Թաքնված ջրվեժ»։

Քայլարշավը, որը հագեցած էր նոր ու հետաքրքիր տեղեկատվությամբ,  իրապես ծառայեց իր կրթական և ճանաչողական նպատակին։ Այդ 3-4 ժամերի ընթացքում մենք սովորեցինք, թե ինչպես կարելի է կողմնորոշվել վտանգի ժամանակ, քայլել ճիշտ արահետով, չդիմել անհիմն ռիսկերի, լինել հնարավորինս պատրաստված, հագնել  հարմարավետ հագուստ ու, նախքան այցը, ուսումնասիրել այն արահետը, որով պետք է քայլել։ Անբացատրելի հագեցվածություն զգացինք այդ ընթացքում և ոգեշնչվեցինք։

Գետի քչքչոցն ու թռչունների դայլայլն է՛լ ավելի էին մոտիվացնում ու ստիպում ժպտալ ու ժպտալ… Ջրվեժին հասնելուն պես հիացանք բնության ստեղծած թաքնված հրաշալիքով։ Օրվա վերջում քննարկեցինք այն ամենն, ինչ տեսանք ու զգացինք, ստացանք բազում հարցերի պատասխաններ։ Ծրագրի փորձագետ, մեր շատ սիրելի Վահագն Վարդումյանի անմնացորդ նվիրվածության շնորհիվ ոչ մի հարց չէր մնում անպատասխան։ Արշավը մեզ համար, հանդիսացավ  նախնական փորձ, մենք ձեռք բերեցինք տուրիզմի ոլորտում ճշգրիտ քայլեր կատարելու հմտություններ։

 

Էկոտուրիզմի զարգացման բազմաթիվ ուղիներին ծանոթանալուց հետո ևս մեկ անգամ համոզվեցինք, որ չկա անհնարին բան, պարզապես պետք է գործել։ Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի կառավարման թիմին իրենց  ներդրած ջանքի ու եռանդի համար։ Շնորհիվ նրանց փոխանցած գիտելիքների, Գեղարքունիքի մարզում էկոտուրիզմը, վստահաբար կզարգանա, որն էլ իր հերթին կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը։

Հիշեցնենք, որ «Բաց ավազան» նախագիծն իրականացվում է«Բլեջան»  բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի  ջանքերով՝ «ԵՄ հանուն մշակույթի. Առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ ՀԿ կողմից։

Հեղինակ՝ Հայկուհի Պողոսյան

«Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի մասնակից