
«ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր (UNEP) և Կայուն Կովկաս կազմակերպության կողմից ընտրվել է որպես համագործակից կազմակերպություն՝ Գավառ համայնքում իրականացնելով պիլոտային ծրագիր, որն ուղղված է լինելու Կլիմայի հարմարվողականությանը։ Ընտրության չափորոշիչներ են հանդիսացել, նախ այն հանգամանքը, որ Գավառը մոտ 2000 մ ծովի մակարդակից բարձր է և վերջին տարիներին շոգ ամառներ, եղանակային կտրուկ փոփոխություններ, գիշեր ցերեկի ջերմաստիճանի մեծ տարբերություններ են արձանագրվել։ Հետևաբար ծրագիրը կնպաստի քաղաքի միկրոկլիմայի ձևավորմանը, առողջապահական խնդիրների կարգավորմանը Երկրորդ հանգամանքն այն է, որ Գավառը 2017թվականին միացել է Քաղաքապետերի դաշնագրին, որի շրջանակներում համայնքն արդեն ունի կայուն էներգետիկ զարգացմանը եվ կլիմայի պահպանությանն ուղղված գործողությունների ծրագիր։

Մայիսի 23-ին Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ Գավառի «Ժակի Բուլվար» կոչվող տարածքում բնահեն այգու հիմնման ծրագրի ներկայացուցիչների հետ։
Այնուհետև ծրագրի վերաբերյալ լայն հասարակությանը իրազեկելու նպատակով Գավառի համայնքապետարանում և Գավառի քաղաքային գրադարանում համայնքի ՀԿ-ների, ավագանու անդամների, համայնքապետարանի և կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչների ու փորձագետների հետ տեղի են ունեցել այգու հիմման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։

Հանդիպումների ընթացքում ծրագիրն իրականացնող կողմերը՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրից (UNEP)՝ Մարիամ Դեվիձեն՝ Վրաստանից, Անսգար Ֆելենդորֆը՝ Ավստրիայից, «Կայուն Կովկաս» ծրագրի հայաստանյան ղեկավար Մարինե Մաթոսյանը, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայի քաղաքականության վարչության ներկայացուցիչ Անի Ղուկասյանը, ԲԼԵՋԱՆ ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը և համայնքապետարանի ներկայացուցիչները ներկայացրել են այգու հիմնման ծրագիրը։

Ըստ ծրագրի՝ Գավառ համայնքում բնահեն լուծումներով այգու ստեղծումը կնպաստի կենսաբազմազանության պահպանությանը և շրջակա միջավայրի բարելավմանը։ Այգին կնպաստի ոչ միայն Գավառ համայնքը կլիմայակայուն դարձնելուն, այլ նաև կհանդիսանա համայնքի բնակիչների համար հանգստի և ժամանցի վայր, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանման միջոց։


