Քարտեզագրման դասընթացներ Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի շահառուների համար

Ես՝ Նարեկ Դավթյանս, հանդիսանալով «Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի մասնակից կպատմեմ մեր քառօրյա դասընթացների, գործնականում մեր ստացած գիտելիքների կիրառության   և տպավորություների մասին: Առաջին օրը ծրագրի փորձագետ և դասընթացավար Վահագն Վարդումյանը  մեզ  պատմեց, թե ինչ է էկոտուրիզմը, ինչ տեսակներ ունի, ինչպիսի ծրագրեր կան Հայաստանում դրա վերաբերյալ և ինչպես կարելի է զարգացնել այն: Խոսեցինք գյուղական մի քանի էկոտուրիստական ծրագրերի՝ Կալավանի, Դսեղի և Արտավանի օրինակների մասին:

Երկրորդ օրն արդեն ծանոթացանք էլեկտրոնային տեղորոշման և քարտեզագրման համար նախատեսված սարքերին ու ծրագրերին: Դրանցից էր, օրինակ, ViewRanger  հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց ինտերնետի ակտիվացման կատարել  էլեկտրոնային գծանշումներ: Դասի ավարտից հետո յուրաքանչյուր մասնակից մեր համայնքներում փորձարկեցինք այս հրաշագործ հավելվածն  ու կատարեցինք առաջին գծանշումները: Ծանոթացանք նաև HikeArmenia, Wikiloc հավելվածներին, Openstreetmap  ծրագրին:

Չափազանց հետաքրքիր անցավ մեր երրորդ օրվա դասը, երբ արդեն ծանոթացանք ու սկսեցինք փորձարկել  Google Earth և Google Maps ծրագրերը: Օգտագործելով Google Maps -ը` որպես հավաքված տվյալների սղագրման ու վերջնական մաքրագրման հարթակ, կարողացանք Google Earth-ում կատարել հեռավար քարտեզագրման քայլեր: Անցկացրեցինք հետաքրքիր գործնական աշխատանք. բաժանվելով խմբերի և ունենալով կոորդինատներ, սկսեցինք փորձարկել մեր մոտ եղած ռադիոհեռախոսները:

Վերջում քննարկեցինք դասն ու հասկացանք, թե ինչ պետք է անել տարածքում ավելի արագ կողմնորոշվելու, մեր տեղադիրքը ճիշտ տեղորոշելու ու, անհրաժեշտության դեպքում, այդ տվյալներն ուղարկելու համար: Տուն հասնելուն պես մեր մարզի որոշ գեղեցիկ ու յուրօրինակ վայրերում կատարեցինք ուսումնական գծանշումներ: Չորրորդ օրը ծանոթացանք  քայլարշավների անցկացման կանոններին ու պահանջվող գույքին, ինչպես նաև՝ արշավային անվտանգության կանոններին:

Մեր դասընթացավարը ոչ մի րոպե աննպատակ չէր ծախսում: Նա մեզ սովորեցրեց նաև որոշակի հմտություններ` կապված ֆոտոխցիկի ճիշտ օգտագործման, հետաքրքիր, հագեցած լուսանկարներ ու տեսանյութեր նկարահանելու սկզբունքների հետ: Ծանոթացանք նաև Google Drive-ում և այլ վիրտուալ պահոցներում տեքստերի ու լուսանկարների զետեղման հիմնական սկզբունքներին:

Որպես տպավորություն հարկ է նշել, որ սա մի հնարավորություն էր, որը բաց թողնելն ուղղակի կդառնար մեծ բացթողում ամբողջ կյանքի համար: Մարդ, ում համար կարևոր է, որպեսզի բոլորը մեկ առ մեկ իմանան այս բոլոր հմտությունները, շատ թանկ դարձավ մեզ համար: Շնորհակալ ենք մեր շատ սիրելի Վահագն Վարդումյանին ու այն բոլոր մարդկանց, ովքեր օժանդակեցին այս արդյունավետ և հետաքրքիր ծրագիրն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ «Բաց ավազան» նախագիծն իրականացվում է«Բլեջան»  բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի  ջանքերով՝ «ԵՄ հանուն մշակույթի. Առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի և Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն – ՍԻՎԻՏԱՍ ՀԿ կողմից։

Հեղինակ՝ Նարեկ Դավթյան

«Բաց ավազան» ենթադրամաշնորհային նախագծի մասնակից