
«ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ն Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համագործակցության նոր նախաձեռնություն է սկսել՝ ուղղված տարածաշրջանային կանաչ համագործակցության ամրապնդմանը։
«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական և բիզնես աջակցության հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանի RICDOG (Սերունդների երկխոսության հետազոտական-մտավոր ակումբ) և Մոլդովայի «Terra-1530» կազմակերպությունների հետ համագործակցությամբ, իրականացնում է «Զմրուխտե կամուրջ․ միջտարածաշրջանային կանաչ սիներգիայի ամրապնդում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև կառուցվածքային և կայուն համագործակցության ցանց՝ խթանելով գիտելիքների ու փորձի փոխանակումը, հանրային մասնակցությունը և բնապահպանական ոլորտում համատեղ քաղաքականության առաջարկների մշակումը։
Նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի գործընկեր երկրների կազմակերպություններին համատեղ անդրադառնալ բնապահպանական և կայուն զարգացման արդիական խնդիրներին, բացահայտել համագործակցության նոր հնարավորություններ և ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը բնապահպանական որոշումների կայացման գործընթացներում։
Ծրագրի հիմնական գործողությունները
Ծրագրի շրջանակում նախատեսվում են՝
- Թեմատիկ առցանց հանդիպումներ և փորձի փոխանակում՝ գործընկեր կազմակերպությունների գիտելիքների և փորձի համադրման նպատակով։
- Անդրսահմանային թեմատիկ աշխատանքային խմբերի ձևավորում՝ բնապահպանության, էներգետիկայի, կենսաբազմազանության և կայուն տրանսպորտի ուղղություններով համագործակցությունն ամրապնդելու համար։
- Ուսումնական այցելություններ գործընկեր երկրներ՝ հաջողված փորձին ծանոթանալու և միջկազմակերպական կապերն ընդլայնելու նպատակով։
- Համատեղ քաղաքականության փաստաթղթի (Policy Brief) մշակում՝ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու համար։
- Մասնակցություն Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող կողմնակի միջոցառմանը՝ տարածաշրջանային համագործակցությունն ու համատեղ նախաձեռնությունները միջազգային հարթակում ներկայացնելու նպատակով։
Սպասվող արդյունքները
Ծրագրի արդյունքում ակնկալվում է ամրապնդել Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև համագործակցությունը, ընդլայնել բնապահպանական ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև մշակել համատեղ քաղաքականության առաջարկություններ՝ նպաստելով տարածաշրջանային բնապահպանական օրակարգի առաջմղմանը։
Նախաձեռնությունը նաև միտված է ստեղծելու երկարաժամկետ համագործակցության հիմքեր՝ խրախուսելով գործընկեր կազմակերպությունների համատեղ գործողությունները, փոխադարձ աջակցությունը և մասնակցությունը բնապահպանական քաղաքականության մշակման գործընթացներին։
Ծրագիրն իրականացվում է 2026 թվականի հուլիսի 17-ից դեկտեմբերի 17-ը։
Ֆինանսավորում
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալի հիմնադրամի՝ Անդրատլանտյան հիմնադրամի (GMF Transatlantic Foundation) ֆինանսական աջակցությամբ։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԲԼԵՋԱՆ» ՀԿ-ն։ Այն կարող է չարտացոլել Եվրոպական միության կամ GMF Transatlantic Foundation-ի տեսակետները։

